ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Է՜հ, թատրոն, թատրոն-4

Է՜հ, թատրոն, թատրոն-4
27.04.2018 | 02:34

ՊԵՏՐՈՍ ԱԴԱՄՅԱՆԸ` ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ԲՆՈՒԹԱԳՐՄԱՄԲ


Ոչ ոք այնքան իրավունք չունե իր ժամանակակիցների հիշողության մեջ ապրելու, որքան թատերական դերասանը: Բոլոր արվեստագետների մեջ միայն նա է զրկված իր տաղանդի արտադրությունները ապագա սերունդներին ավանդելու բախտից: Մեռավ դերասանը, մեռա՛ն և նրա գործերը: Հաճախ նա տեսնում է իր մահը կենդանության ժամանակ: Կորցրեց դերասանը իր ձայնը` կորած է և ինքը: Խլացավ, տեսողությունը տկարացավ, զրկվեց, վերջապես, իր մարմնի որևէ մասից, նա այլևս գոյություն չունե:
Երբ ես այժմյան սերունդին նկարագրում եմ Պետրոս Ադամյանին և, համեմատելով եվրոպական խոշորագույն արտիստների հետ, մի քանիսից բարձր եմ դասում, ինձ թերահավատությամբ են լսում: Կարծես, հայ ժողովուրդը նախախնամությունից արդեն դատապարտված լիներ միջակություններ միայն տալու:


Պետրոս Ադամյանը զգում էր իր արվեստի թշվառությունը և շարունակ մտածում էր նրա մասին:
-Կմոռանան ինձ, կմոռանան,- կրկնում էր նա խորին վշտով,- ոչ ոք չի հիշի ինձ իմ մահվան հետևյալ օրը:
Ոչ ոք Ադամյանից առաջ և նրանից հետո մինչև այսօր հայ լեզուն բեմից այնքան երաժշտական չի հնչեցրել, որքան այդ հրաշագործը: Նրա արտասանության մեջ մեր այբուբենի կոկորդային տառերը մեղմանում էին ու քնքշանում: Յուրաքանչյուր բառ մի մարգարիտ էր այդ մարդու շրթունքների վրա:

Ադամյանի արտաքի՞նը: Դա մի գլուխ էր` արժանի Մուրիլյոյի քնքույշ վրձնին: Երբեք հայերի մեջ չեմ տեսել այդչափ կանոնավոր կազմվածք, այդչափ գեղեցիկ գլուխ: Նրա ճակատը բարձր էր, մազերը` գանգուր: Նրա վիզը բարձր էր, բերանը` նուրբ, գծավորված ընչացքը` բարակ, աչքերը` նշաձև և պողպատագույն: Երբ նա հուզվում էր նույնիսկ բեմից դուրս, նրա կես-հռովմեական քթի ռունգերը դողում էին արաբական ձիու ռունգերի պես:


Բայց գեղեցիկ էր միայն նրա գլուխը և մարմնի վերին մասը: Նրա հասակը միջինից վար էր, ոտները ծուռ էին, այսինքն` ծնկները իրարից հեռու` մանկությունից ձի նստած մեկի ոտների պես: Սակայն նա գիտեր մեծ վարպետությամբ շտկել իր թերությունները: Նա իր կոշիկների մեջ դնում էր կրունկներ, ունենալով դրսի կրունկները ևս բարձր: Բեմի վրա նա երբեք չէր մոտենում բարձրահասակ դերասանին կամ դերասանուհուն, որպեսզի հասարակությունը չտեսնե տարբերությունը:

Դժվար էր հավատալ և՛ նրա լացին, և՛ ծիծաղին: Նա կյանքում ևս դերասան էր և շատ ճարպիկ դերասան: Մի անգամ, երբ ես նրա մոտ էի, ծառան ասաց, թե դուրսը սպասում է մի պարոն NN անունով:
-Ասացիր, որ տա՞նն եմ,- հարցրեց Ադամյանը:
-Այո՛:
-Փչանա՛ս դու: Հրավիրի՛ր ներս:
Ծառան դուրս գնաց, և հանկարծ Ադամյանը գունատվեց, ընկճվեց, նիհարեց, միանգամայն այլափոխվեց:
-Ի՞նչ պատահեց, պարոն Ադամյան,- հարցրի ես:
-Ա՜հ գլուխս, ա՜հ մեջքս,- սկսեց տնքտնքալ նա, ճակատը տրորելով:
Ես հասկացա նրա միտքը և հազիվ կարողացա ծիծաղս զսպել:
Ներս մտավ հյուրը, և Ադամյանը տեղից չշարժվեց:
-Ներեցեք, հիվանդ եմ, բոլորովին հիվանդ: Նստեցե՛ ք:
Հյուրը շփոթվեց, չհամարձակվեց նստել:
-Պառկեցեք անկողին, պարոն Ադամյան,- ասաց նա,- ես կարող եմ ուրիշ անգամ գալ:

Ադամյանը ռեալիստ էր բառիս լավագույն իմաստով: Յուրաքանչյուր դեր նա ուսումնասիրում էր մանրակրկիտ բարեխղճությամբ և բոլոր տեսակետներից: Նա աշխատում էր ոչ միայն գեղեցիկ ներկայացնել տիպը, այլև ճշգրիտ: Թույնից մեռնողի վերջին ճիգերն ուսումնասիրելու համար նա մի քանի շուն էր թունավորել:

Ադամյանը ռեալիզմը հղկում ու զարդարում էր ռոմանտիզմի շղարշով: Նրա յուրաքանչյուր շարժումը Համլետի մեջ մի անդրի էր:
Ադամյանն ուներ մի ծառա Ղազար անունով, որին սիրում էր, և որը պաշտում էր իր տիրոջը: Մի անգամ դերասանը Հյուսիսային Կովկասի քաղաքներից մեկում խաղալիս է լինում Ֆրանցի դերը Շիլլերի «Ավազակների» մեջ: Վերջին գործողության ժամանակ խեղդվելու տեսարանը նա այնքան իրական է տանում, որ Ղազարը կուլիսների հետևից վազում է բեմ, գոռալով.
-Վա՜յ, աղաս խեղդվեց, մեռավ…

Համլետն էր Ադամյանի սրբություն սրբությանցը: Համլետ էր երազում նա գիշեր-ցերեկ, Համլետով էր ապրում ու շնչում: Եվ ուներ իրավունքը, այդ դերի մեջ նա չուներ հավասարը ամբողջ Ռուսաստանում:
Այն ժամանակ համաշխարհային ողբերգակ Ռոսսին հրավիրված էր Թիֆլիս: Ադամյանն այնտեղ էր և շարունակում էր իր ներկայացումները: Օտարները Ադամյանի Համլետը համեմատեցին Ռոսսիի Համլետի հետ և առավելությունը տվեցին հայ ողբերգակին:

ՈՒթսունական թվականների չեմ հիշում որ տարին Ադամյանը գնաց Մոսկվա իր ուժերը փորձելու Ռուսիո երկրորդ մայրաքաղաքի հասարակության առջև, որ արվեստների վերաբերմամբ ամենապահանջկոտն է Ռուսիայում: Տպավորությունը մեծ եղավ:
Չեմ հիշում, հայերեն թե ռուսերեն էր խաղում Մոսկվայում ռուս մի խմբի հետ, թե ֆրանսերեն, հիշում եմ լրագրային քննադատությունները: Այն ժամանակվա ամենաառաջին քննադատը` Չույկոն, Ադամյանին դրեց Ռոսսիի և Սալվինիի մեջտեղը, իր տաղանդի հատկությամբ: Պատմում են, որ ծերունի քննադատը Համլետի միջնարարներից մեկում գնում է կուլիսների հետև` Ադամյանին ծանոթանալու: Այդ ժամանակ արտիստը հոգնած, քրտնած իր գրիմը շտկելիս է լինում: Չույկոն հանում է իր վրայից մուշտակը և ձգում նրա ուսերին` ասելով.
-Կարող եք մրսել ու հիվանդանալ:
-Բայց դուք ևս կարող եք մրսել,- շփոթվում է Ադամյանը:
-Փույթ չէ,- պատասխանում է Չույկոն,- իմ մահը կորուստ չի լինի արվեստի համար, մինչդեռ ձեր կյանքը թանկ է:

Շեքսպիրից դուրս նա հեղինակություն չէր ընդունում, և միշտ մի տեսակ հեգնական ժպիտ էր շարժվում նրա դեմքի վրա, երբ հետը խոսում էիր այն հեղինակի մասին, որի գործերի մեջ նա չուներ իր պահանջներին համապատասխան դեր: Սունդուկյանի հետ նա վերաբերվում էր ոչ լիակատար հարգանքով: Մի անգամ նա ինձ չարաչար կշտամբեց, որ ես Շեքսպիրի անվան հետ դրել էի ի միջի այլոց և Սունդուկյանի անունը:
-Դուք վիրավորել եք իմ Աստծուն, ինչպե՞ս կարելի է այդ երկու անունները քովե քով դնել:
-Բայց, պարոն Ադամյան, այդ չի նշանակում, որ ես Սունդուկյանին Շեքսպիրի հետ եմ համեմատում: Այդ ուղղակի անունների պարզ հիշատակում է:
-Ո՛չ, չի կարելի, չի կարելի Շեքսպիրի անունը հիշելիս մի ուրիշ անուն հիշել:

Ադամյանը և նկարիչ էր: Նա նկարում էր փոքրիկ կտավների վրա ամեն ինչ` և պեյզաժ, և մեռյալ բնություն, և պատկեր: Նրա բարեկամ նկարիչները ներողամտությամբ էին վերաբերվում դեպի նրա վրձինը, չկամենալով զրկվել նրա բարեկամությունից:
Մի օր նրա մոտ գալով, գավթում հանդիպեցի հետևյալ տեսարանին: Նրա բարեկամ Սև Սանդրոն, մի երկու մարդկանց հետ, աշխատում էին մի էշ բարձրացնել փայտե բարձր սանդուղքներով:
-Այդ ու՞ր եք տանում խեղճ կենդանուն,- հարցրի ես զարմացած:
-Ադամյանի սենյակը:
-Ինչու՞:
-ՈՒզում է նկարել:
Ադամյանը, պատշգամբի վրա կանգնած, ձեռները գրպանները դրած, հրամաններ էր արձակում բոլորովին լուրջ դեմքով:
Մարդիկ որքան աշխատեցին, չկարողացան կոտրել բիբլիական կենդանու համառությունը: Էշը մնաց վարը ծնկաչոք:
-Լավ, թողեք,- հրամայեց Ադամյանը, ընդունելով ինձ:

Ադամյանը շատ էր սիրում երեխաներին:
-Իսկական արտիստները դրանք են,- ասում էր նա,- խաղում են առանց հուշարարի: Օ՜հ, ես պաշտում եմ փոքրիկներին:
-Ինչու՞ չեք ամուսնանում,- հարցրի ես մի օր:
-Ամուսնանա՜լ,- արտասանեց Ադամյանը հեգնական ժպիտով,- դուք ինձ անիծու՜մ եք:
-Ամենևին:
-Բայց ամուսնությունը դերասանի մահն է:
-Քի՞չ կան դերասաններ, որ ամուսնացել են և սակայն կենդանի են:
-Ո՛չ, արվեստի համար նրանք կես անդամալույծներ են: Ես ցավում եմ նրանց համար:

Ռոսսիի Թիֆլիսում գտնված ժամանակ, ի պատիվ նրա, Ադամյանը խաղաց Համլետ: Ամենքը սրտատրոփ սպասում էին, թե ինչ տպավորություն պիտի գործե հայ արտիստը իտալական հանճարի վրա: Տպավորությունը եղավ ավելի քան նպաստավոր: Ռոսսին հիացավ Ադամյանի Համլետով:
Ահա նրա խոսքերը, սկիզբն` ուրախալի, վերջը` վշտով.
-Անկասկած հանճարեղ դերասան է և զմայլելի Համլետ, բայց, ավաղ, այդ արտիստը մեռնելու է կոկորդի ախտից…
Ռոսսին բժիշկ էր, գիտեր ինչ է ասում: Ադամյանի թավշային, երաժշտական բարիտոն ձայնը նա համարում էր արհեստական:
-Առաջ ռնգային է եղել այդ ձայնը,- բացատրեց նա,- դերասանը վարպետությամբ դարձրել է այն կոկորդային: Եվ ահա նրա կոկորդը մաշվում է:
Կատարվեց Ռոսսիի գուշակությունը: Մի քանի տարի անց Ադամյանը մեռավ կոկորդախտից: Մեռավ Ազգային հիվանդանոցում: Եվ մեռավ, չթողնելով իր մեծագույն տաղանդի մի որևէ հետք, բացի իր սքանչելի լուսանկարներից:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 4924

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ